Ցմահ դատապարտյալը նոր իշխանություններից օրենքի գերակայություն է ակնկալում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր նշանակված էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր նշանակված էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստ։ Աշոտ Մանուկյանը բերվել էր դատարան: Լրագրողների հարցին, թե ի՞նչ է ականկալում դատարանից, ցմահ դատապարտյալն ասաց. «Նոր իշխանություններից ակնկալում եմ օրենքի գերակայություն, օրենքի կիրառում»: Դատապարտյալի գործով նիստին հետևում էր նաև հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը։ Նրա ներկայությունը դատարանում ապահովելու նպատակով  այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 20–ին, ժամը 14։00–ին։

Նշենք, որ 23 տարի անազատության մեջ գտնվող Մանուկյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բացասական, իսկ պրոբացիոն ծառայությունը դրական եզրակացություն է տվել: Նման պայմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որում պահվում է դատապարտյալը, միջնորդագիր է տարել դատարան՝ վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելու համար: Աշոտ Մանուկյանը 23 տարի առաջ մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 43 տարեկան է: Ինչպես քրեակատարողական ծառայությունն, այնպես էլ պրոբացիոն ծառայությունն արձանագրել են, որ Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ է դրսևորել, քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, ակտիվորեն մասնակցել է վերասոցիալականացման միջոցառումներին: Սակայն, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ Մանուկյանի հանցանք կատարելու հավականությունը բարձր է: Պրոբացիոն ծառայությունն էլ թեև դատապարտյալի հանցանք կատարելու հավանականությունը ցածր է գնահատել ու նպատակահարմար գտել նրա վաղաժամկետ ազատումը`հանդես է եկել առաջարկությամբ, որը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում: Մասնավորապես`ծառայությունն առաջարկել է պայմանական վաղաժամկետ արձակման հարցը քննարկելիս դատապարտյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու նրա հոգեբանական բնութագիրը, որն, ըստ պրոբացիոն ծառայության, կարող է էաական ազդեցություն ունենալ նրա վերասոցիալականացման գործընթացի վրա:

Ի դեպ՝ Մանուկյանի վաղաժամկետ ազատման դեմ տուժողների հարազատներն առաջարկություն չունեն: