Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար

Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապօրինությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՀՊՏՀ-ի դասախոսներ Արմեն Կարախանյանն ու Գագիկ Ասլանյանը:

Արմեն Կարախանյանը ներկայացնելով խնդիրը՝ նշեց, որ բուհի մի շարք դասախոսներ դեմ են ՀՊՏՀ-ի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգին, քանի որ դա  հակասում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքների որոշ դրույթներին:

Արմեն Կարախանյանի խոսքով՝ բուհի 17 դասախոս հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ  ՀՊՏՀ  ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝   «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» հաստատելու ՀՊՏՀ գիտական խորհրդի ապրիլի 30-ի որոշումը և համալսարանի դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարությունը իրավաբանական ուժ  չունեցող ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել  արգելել «ՀՊՏՀ-ի  գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Սակայն, ինչպես նշեց Արմեն Կարախանյանը, երկու-երեք օր անց դատավորը հանել է տվյալ արգելանքը:

«Զարմանալին այն է, որ դատարանը պետք է վերլուծեր արգելանքը հանելու ու թողնելու դրական և բացասական կողմերը, որը չի արվել, ավելին,  արգելանքը հանելու որոշման մեջ copy-past է  արվել բուհի կողմից բերված պատճառաբանական մասը: Այսինքն՝ բուհն ինչ էլ  ներկայացներ՝ իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող, այդ արգելանքը պետք է հանվեր»,- ասաց դասախոսը:

Այս ամենից հետո էլ դասախոսները չեն նահանջում, նրանք շարունակելու են իրենց պայքարը: Ըստ Ա.Կարախանյանի՝  իրենք դիմել են տարբեր կառույցների, սակայն դեռևս արձագանք չկա: «Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բաց նամակ ենք հղել ՀՀ  վարչապետին, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Մենք ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները ուղղակի տեղ չեն հասել պատկան մարմիններին, դրա համար այս ամբողջ ապօրինությունները շարունակվում են: Մենք համոզված ենք, որ մերօրյա Հայաստանում անօրինակությունը, ապօրինությունը տեղ չունեն, համոզված ենք, որ ոչ մի անձ, այդ թվում՝ պաշտոնյա, չի կարող իրեն վեր դասել օրենքից, և կիրառել նման կանոնակարգ, ինչպես նաև   իր ամբողջ գործունեությունը կառուցել անօրինակության վրա»,- ասաց Արմեն Կարախանյանը:

Նա կարծում է, որ, օրինակ, դասընթացների թափուր դասաժամերի համար հայտարարված մրցույթի արդյունքում  100-200 մարդ կզրկվի աշխատանքից: «Դեռևս արդյունքները հայտնի չեն, մրցույթին մասնակցած մարդիկ միայն  սեպտեմբերի 1-ին կհասկանան՝ կշարունակեն աշխատել, թե ոչ: Չզարմանաք, որ վաղը մենեջմենթի ամբիոնում լեզվաբան դասավանդի, մաթեմատիկոսը՝ տնտեսագիտություն, իսկ մագիստրատուրան հազիվ ավարտած մարդը ասպիրանտուրայում դասավանդի»,- նշեց Արմեն Կարախանյանը: 

Դասախոս Գագիկ Ասլանյանն էլ անդրադարձավ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը: Ըստ նրա՝ փորձագետների կողմից վեր են հանվել ատենախոսությունում առկա գրագողության բացահայտ փաստեր, զեղծարարություններ ու կեղծիքներ:

«Հանրությունը, ուսանողները և դասախոսները պետք է իմանան, թե ով է իրականում ղեկավարում համալսարանը, որը մեզ՝ բողոքող դասախոսներին անվանում է անգրագետներ: Նրա մոտ և մանիպուլյացիան, և սուտ խոսելը լավ է ստացվում: Ատենախոսության շուրջ 60 էջը թարգմանված արտագրություններն են, մի մասը ուղիղ թարգմանություններ են և այլն: Նա նաև ասում է, որ ատենախոսության թեման նոր է Հայաստանի իրականության համար, մինչդեռ 2011 թ-ին նման թեմայով ձեռնարկ է հրատարակվել»,- ասաց Գագիկ Ասլանյանը:

Նյութի աղբյուր՝ panorama.am