Կառավարությունը պնդում է, որ Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը, բայց դա այդպես չէ.

Մասնագետի խոսքով՝ 2018 թ. ԵՄ անդամ երեք պետություններ՝ Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան հրաժարվել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ-ն պետք է հետևի այս և մյուս երկրների օրինակին՝ հրաժարվելով վավերացնել այն

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ Հայաստանը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, սակայն դա չի ենթադրում, որ այն անպայման պետք է վավերացվի: Հայաստանը կարող է հրաժարվել կոնվենցիայի վավերացումից: Նրա խոսքով՝ Կառավարությունը, սակայն, լծված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ինչպեսև պահանջում է ԵՄ-ն:

«Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածում հստակ նշված է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով, այն է՝ արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Արևմտյան չափանիշներով՝ կանանց և տղամարդկանց ավանդական դերերը, վարքը, որոնք ուղղակի կապված են իրենց կենսաբանական սեռերի հետ, համարվում է կարծրատիպ և դրա մասին նշվում է ԵՄ-ի բազմաթիվ հետազոտությունների ու կից փաստաթղթերի մեջ, այսինքն՝ կոնվենցիան պահանջում է, որ այդ դերաբաժանումը, կարծրատիպը կոտրվի, դա իրականացնելու համար պետք է արմատախիլ արվեն նախապաշարմունքները, ավանդույթներն ու սովորույթները»:

Այվազյանի խոսքով՝ Կառավարությունը պնդում է, որ Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը, սակայն դա այդպես չէ. Կոնվենցիայի 4-րդ հոդվածում գրված է՝ մասնակից պետությունների կողմից սույն կոնվենցիայի կատարումը, մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովեն խտրականությունը՝ անկախ սեռից, մաշկից, սեռական կողմնորոշումից և գենդերային ընտրությունից:

«ԵՄ և ԵԽ փաստաթղթերով մանրամասն նկարագրվում է՝ ինչ է խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և ինչ ասել է դրա արգելքը: Համաձայն այդ նորմերի՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի մեջ մտնում են նաև անձի կողմից սեփական գենդերի, այսինքն՝ սեփական սեռի ազատ ընտրության իրավունքը, այլ սեռական կողմոնորոշման քարոզի իրավունքը՝ տեղեկատվական բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնանալու իրավունքը, օրինակ՝ տրանսգենդեր անձը ամուսնանում է կենսաբանորեն նույն սեռի անձի հետ, այս ամենը մտնում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի մեջ»:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը մտահոգություն է հայտնում՝ ՀՀ Սահմանադրությունը պարտադրում է՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ ներքին օրենսդրության նորմերի հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Այսինքն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո մեր ներքին նորմերը պետք է համապատասխանեցվեն միջազգային կոնվենցիայի նորմերին: Եթե կոնվենցիան ընդունվում է, ապա այն դառնում է ՀՀ իրավական դաշտի բաղկացուցիչ մասը: 

Մասնագետի խոսքով՝ 2018 թ. ԵՄ անդամ երեք պետություններ՝ Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան հրաժարվել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Երեք պետությունների հիմնավորումը նույնն է՝ հրաժարվում են Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ այնտեղ առկա է երրորդ սեռը և կոնվենցիան պարտադրում է, որ այն օրենսդրությամբ ամրագրվի: Այվազյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է հետևի այս և մյուս երկրների օրինակին՝ հրաժարվելով Ստմաբուլյան կոնվենցիայի վավերացումից:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 28-ին Հայաստանը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան: Վերջինս ուժի մեջ կմտնի միայն վավերացումից ու ՀՀ նախագահի ստորագրումից հետո: