Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնրել է «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակը

Հայկ Մարությանի հանձնարարականով ստեղծված էլեկտրոնային հարթակ է, որը կտա հնարավորություն մեր քաղաքացիներին ներկայացնել իրենց գաղափարները՝ թե ինչպիսին կցանկանան տեսնել Երեւանը

Այսօր ներկա ենք ուղիղ ժողովրդավարության մեկնարկին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնելով «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակն ու կայքը՝ Activecitizen.am:

Նրա խոսքով, սա քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ստեղծված էլեկտրոնային հարթակ է, որը կտա հնարավորություն մեր քաղաքացիներին ներկայացնել իրենց գաղափարները՝ թե ինչպիսին կցանկանան տեսնել Երեւանը, ինչ կցանկանան, որ ստեղծվի Երեւանում:

«Քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է 500 մլն դրամ այս հարթակում առաջարկված ծրագրերի, գաղափարների իրականացման համար: Մենք մշակում ենք գաղափարները, ծրագրերը, տեղադրում ենք հարթակում եւ հենց հարթակում էլ կատարվում է քվեարկություն քաղաքացիների կողմից: Այն նախագծերը, որոնք կհավաքեն ամենաշատ ձայներ, դրանք 500 մլն դրամի շրջանակում քաղաքապետարանը կիրականացնի: Յուրաքանչյուր նախագծի առավելագույն արժեքը մինչեւ 30 մլն դրամ է»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ ոչ ոք չի կարող ֆեյք գրանցվել, այդ հարցը լուծված է. «Գրանցվելու համար պետք է ունենալ միայն ID քարտ, այլ փաստաթուղթ պետք չէ: Նախագիծ կարող են ներկայացնել բոլորը, սակայն քվեարկելու իրավունք ունեն նրանք, որոնք իրավունք ունեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:

Այսօրվանից կայքը բաց եւ ընդունում ենք առաջարկներ մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: հոկտեմբերի 10-ից կբացվի քվեարկությունը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը: Դրանից հետո կմշակվեն գաղափարները»,-ասաց Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս հարթակի միջոցով վաղ թե ուշ իրականացվելու են նաեւ էլեկտրոնային հանրաքվեներ. «Այսինքն հարցը կդրվի քվեարկության այդ հարթակում, նախապես իրազեկում կուղարկվի քաղաքացիներին, որ մասնակցեն հարցմանը»: