Զոդի կամրջի վրա սարսափելի վթարի վայրում 6 այրված դի է հայտնաբերվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին, տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնում են  ՀՀ Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հովհաննիսյանը:

Նշենք, որ դեպքի վայրում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Նշենք, որ վիրավորների թիվը ըստ առողջապահության նախարարության 12-ն է:

Ավելի վաղ  live24.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։