Իրանի ԱԳՆ-ը եվրոպական պետություններին կոչ է անում գործնական միջոցներ ձեռնարկել՝ միջուկային գործարքի իրենց պարտավորություններին համապատասխան: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է նաեւ, որ ԵՄ առաջարկած INSTEX ֆինանսական մեխանիզմը չի համապատասխանում Թեհրանի պահանջներին:
Այս մասին, Fars-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Նրա խոսքով՝ խորհրդակցությունները շարունակվում են, եւ Իրանի ուղերձը փոխանցվել է եվրոպական կողմին:
«Մենք եվրոպացիներին հայտնել ենք, որ եթե նրանք առավել գործնական, լիարժեք միջոցներ ձեռնարկեն, ապա իր պարտավորությունների հետ կապված փոփոխությունների հարցով Իրանի քայլերը կարող են չեղարկվել: Հակառակ դեպքում՝ մենք կշարունակենք դադարեցնել մեր պարտավորությունները»,- ասել է Մուսավին, գրում է news.am:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հունվարի վերջին ստեղծել էին INSTEX ֆինանսական մեխանիզմը, սակայն այն դեռեւս չի թողարկվել: Այն թույլ կտա ԵՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի իրականացում՝ առանց ուղիղ ֆինանսական գործողությունների։
INSTEX-ը գրանցված է Ֆրանսիայում եւ պետք է կառավարվի գերմանացի բանկիր եւ Commerzbank-ի նախկին մենեջեր Պիեռ Ֆիշերի կողմից։
0Comments