«Մենք քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի էր ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով օրեր առաջ Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին։
Նրա խոսքով, առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ ունեին լարվածության որոշ աճ մինչև հանդիպումը։
«Բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և մենք բավական մեծ տեղ հատկացրինք մեր քննարկումներում այդ իրողությանը։ Քննարկեցինք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մենք նվազեցնենք լարվածությունը, խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն վիճակը։ Մեզ անհրաժեշտ է անդրադառնալ իրավիճակի, որը մինչ լարումն էր։ Դա շատ մեծ նշանակություն ունի։ Մենք ունենք մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից ևս առաջ են բերվել։ Կարծում եմ՝ այդ առումով մենք կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը գրանցենք, որ կարողանում ենք պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին,- ասաց նախարարը։
Զ. Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկը խաղաղությանը նպաստող միջավայրն է, այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ՝ մարդակային շփումներ, այնպիսի միջավայր, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ հակառակը։
«Մյուս բաղադրիչն այն է, որ մենք պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
0Comments