ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը բազմաթիվ մթերքներում վտանգավոր նյութեր է հայտնաբերել:
Անանասներում եւ բաթաթում գիտնականները պեր եւ պոլիֆտորալկիլային նյութերի հետքային քանակություն են գտել: Իսկ միացությունների ավելի բարձր կոնցենտրացիան, որոնք կարող են քաղցկեղի զարգացման հանգեցնել, հայտնաբերվել է մսում, կաթնամթերքում, շոկոլադե տորթերում եւ շոկոլադային կաթում:
Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից սահմանված նորմերը գերազանցող PFAS մակարդակները գտնվել են հնդկահավի մսից պատրաստված ֆարշում, սթեյքներում, հոթ դոգերում, հավի ազդրերում, թառափում, սաղմոնում, ծովախեցգետնիններում եւ լոքոյում: Իսկ խմելու եւ գետնի ջրերում նույնպես PFAS-ի վտանգավոր մակարդակներ են հայտնաբերվել:
Թեեւ մասնագետները կարծում են, որ հավանականությունը, որ PFAS-ի նման քանակությունը կվնասի մարդուն, բարձր չէ, որոշ մթերքներում, օրինակ՝ կովի կաթում, պեր եւ պոլիֆտորալկիլային նյութերի պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցել է մարդու առողջության համար անվտանգ մակարդակը: Բացի այդ գոյություն ունի PFAS-ի մոտ 500 տարատեսակ, սակայն EPA-ն խորհուրդներ է մշակել միայն 2 տեսակի համար՝ պերֆտորոկտանային թթվի(PFOA) եւ պերֆտորօկտանսուլֆոնային թթվի (PFOS) համար:
Գիտնականներն ընդգծում են, որ հարկավոր է հրաժարվել այն ենթարդրությունից, որ այդ բոլոր քիմիական նյութերը անվտանգ են, դրանցից շատերի մասին դեռ շատ բան հայտնի չէ:
Հետազոտողները ենթադրում են, որ PFAS-ը սննդամթերքում հայտնվում է սննդային փաթեթավորումների միջոցով: 2018-ի դեկտեմբերին հաղորդվում էր թղթե տուփերում եւ սենդվիչների համար փաթեթավորումներում PFAS-ի առկայության ապացույցների մասին:
Նույն թվականին Վաշինգտոն նահանգում արգելել էին PFAS օգտագործել միկրոալիքային վառարանի համար նախատեսված պոպկորնի փաթեթավորումներում, մեկանգամյա սպասքում, անձեռնոցիկներում: Սննդում այդ քիմիական նյութերի եւս մեկ հնարավոր աղբյուր է պատրաստման համար օգտագործվող աղտոտված ջուրը:
0Comments