Ազատության հրապարակում մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների եւ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին news.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 18-ին միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երթի մասնակիցները։ Ոստիկաններին հաջողվել էր տեղում հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Փաստի կապակցությամբ ոստիկանությունում հետաքննություն էր ընթանում:
0Comments