Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի այսօր տարածած հայտարարության վերաբերյալ: Իր հայտարարության մեջ Վահե Գրիգորյանը նշում է, որ ՍԴ հայտարարությամբ հաստատվում է նախկինում իրենց արած պնդումները:
Իսկ այդ պնդումները երկուսն են:
«1․ Որևէ օրենքով նախատեսված չի եղել որևէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետևանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենևին էլ չունի, վերաքննիչ քրեական դատարանը տուժողների և դատախազների բողոքը քննել չի կարող։
2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված եւ հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որևէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայածև իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման և դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել և օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը»։
Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ չնայած ՍԴ փաստել է դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետևանքի կարող է հանգեցնել մի քանի նյութական եւ դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։
«Եվ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է»։
Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետևողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության շարունակությունը։
«ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունն, իրականում, չի տվել (և, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ այդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչև դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը»։
0Comments