ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշումը

Պաշտպանը կարեւոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը:

Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաեւ տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը:

Հատկանշական է, որ «Վճիռների եւ բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել եւ շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում:

Նախարարների կոմիտե է ներկայացվել նաեւ ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման եւ դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարեւորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պաշտպանը կարեւոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարեւոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի  իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաեւ պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: