«Իմ մարմինն անձնական է» կարգախոսը միասեռականների կարգախոսն է եղել

Իրենք թքած ունեն հասարակական կարծիքի վրա, պարզ ասում են, որ թքած ունենք, եթե անգամ ամբողջ Հայաստանն էլ չուզենա, որ այս գրքի շնորհանդեսը լինի, մեկ է մենք մերն անելու ենք. Վահագն Չախալյան

Գիրքը միայն այն փոքր օղակն է, որ այսօր տեղի է ունենում ՀՀ–ի եւ հայ ժողովրդի դեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին:

Նրա խոսքով, ճիշտ է շնորհանդեսը տապալվեց, բայց մտավախություն ունեն, որ այլ տեղ կարող են այն անցկացնել. «Իրենք թքած ունեն հասարակական կարծիքի վրա, պարզ ասում են, որ թքած ունենք, եթե անգամ ամբողջ Հայաստանն էլ չուզենա, որ այս գրքի շնորհանդեսը լինի, մեկ է մենք մերն անելու ենք»:

Նա նշեց, որ գրքի անվանումն ուղիղ կապ ունի սեռական փոքրամասնությունների հետ. «Այդ կարգախոսը միասեռականների կարգախոսն է եղել։ «Իմ մարմինն անձնական է», երբ որ իրենք իրենց ծնողների կամ շրջապատի հետ, ովքեր դեմ են եղել իրենց սեռական կողմնորոշմանը, վիճաբանության մեջ են մտել, իրենց հիմնական պատասխանը, որ իմ մարմինն անձնական է, ինչ ուզեմ, ոնց ուզեմ կանեմ»,– ասաց Չախալյանը։

Նրա խոսքով նամակ են գրել, որը պետք է հանձնեն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովւ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ի եւ նրան հովանավորող «Բաց հասարակություն հիմնադրամա»–ի հայաստանյան անօրիանական եւ հակասահմանադրական գործունեությունների բացահայտումով։

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին որ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն: