Գիտնականներն օգտակար են համարել սուպերհերոսների մասին ֆիլմերի դիտումները։ Արիելի համալսարանի եւ Բար-Իլանի անվան համալսարանի իսրայելցի գիտնականների հետազոտության համաձայն՝ այդ կինոժապավեններն օգնում են հաղթահարել վախերը։ Անցկացված հետազոտությունը պարզել է, որ «Սարդ մարդը» եւ «Մրջյուն մարդը» ֆիլմերի դիտումը փորձարկվողների մոտ 20 տոկոսով նվազեցրել է սարդերից եւ մրջյուններից վախը։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, սուպերհերոսների մասին կինոնկարների օգուտի վերաբերյալ կարծիքը կիսում են նաեւ արեւմտյան հոգեբանները։ Մասնավորապես, փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ սուպերհերոսները, փրկելով մոլորակը այս կամ այն պատուհասից, աշխատում են միասին։ Դա, ըստ նրանց, համագործակցության եւ փոխգործակցության հիանալի օրինակ է։ Արվեստների եւ առողջության պրոֆեսոր Վիկտորյա Թիշլերը նշում է. սոցիալական աջակցության եւ ընկերության այդքան վառ օրինակը նշանակալի դեր է խաղում հոգեկան առողջության պահպանման համար։
Կլինիկական հոգեբան Ռեյչլ Էնդրյուն ուշադրություն է հրավիրում եւս մեկ հետաքրքիր հանգամանքի՝ ավելի բարդ իրավիճակներում հայտնվող սուպերհերոսների էվոլյուցիայի վրա։ Նրա խոսքով՝ նրանց ներքին փոխակերպումը եւ իրավիճակից ելքի որոնումն օգնում են կինոդիտողներին հասկանալ, թե ինչպես կարելի է պայքարել գոյություն ունեցող խնդիրների դեմ։
0Comments