Շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք բողոքում են շրջիկ առեւտրի կետերի հոսանքազրկման դեմ՝ պնդում են, որ դա անօրինական է արվել եւ պահանջում են կառավարությունից այլընտրանքային տարբերակ գտնել, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատել։
«Տեղեկություններ կան, որ շուկան այս քայլերով ազատում են մենաշնորհի համար։ Միլիարդատեր պաշտոնյայի համար է արվում այս ամենը»,–նշեց Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանը՝ հավելելով, որ կան կետեր էլ, որոնք աշխատում են նախկին կառավարության կողմից տրված թույլտվություններով և հոսանքազրկված չեն. «Կա նաև անհավասար մոտեցում կառավարության կողմից»։
Շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում. «Մենք ակնկալում ենք վարչապետից, որ մինչեւ շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը թույլ տան աշխատել, երբ օրենքը ընդունվի, համապատասխան կարգավորումները տրվեն, պարզ կլինի՝ որն է մնում, որը՝ հանվում»։
Նրանք պահանջում են նաև, որ ոլորտում հետագա կարգավորումները մշակվեն իրենց մասնակցությամբ և շեշտում են՝ իրենց ուժերով 9 շրջիկ կետ, որոնք շրջիկ կետերի վատ օրինակ էին, տարհանվել են։
Արեն Մելիքյանը երթևեկության խոչընդոտումը վերացնելու համար առաջարկում է սահմանել որոշակի չափորոշիչներ. «Շարժական սրճարանները հիմա 47-ն են, իհարկե, պետք է թիվ սահմանվի, օրինակ, նշվի, որ Կենտրոնում թույլատրվում է նշված թվով շարժական սրճարաններ: Պետք է սահմանվի հեռավորություն շրջիկ կետերի միջև, օրինակ՝ 500 կամ 1000 մետր»:
Շրջիկ առևտրի կետերի ներկայացուցիչները դեմ չեն նաև տուրք վճարելուն. «Մենք ինքներս ենք ավագանու անդամներին առաջարկել, որ կարգավորումներ մտցվեն, մենք առաջարկել ենք, որ տուրք հասկացությունը մտցվի: Մենք հիմա հարկեր ենք վճարում, աշխատողների եկամտահարկեր ենք վճարում, անհատ ձեռնարկատերի հարկերն ենք վճարում»:
0Comments