ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկում միայն մեկ մոտիվացիա է տեսնում՝ գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով՝ բարձր վարկանիշ ունեցող գործչի դեմ քայլ անելով ուշադրություն գրավել: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:
«Կան քաղաքական ուժեր, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, ընտրությունների ժամանակ հանրության քվեն չեն կարողացել ստանալ, այլ ասելիք չունեն հանրությանը, այլ զբաղմունք չունեն, և տվյալ քաղաքական ուժերին մնում է գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով, այսինքն՝ փորձել մի այնպիսի քայլ, որ իրենց մասին գոնե հիշեն, գոնե խոսեն, իսկ նման քայլ ո՞ւմ դեմ կարող են անել, ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչների դեմ, տվյալ դեպքում ընտրել են Գագիկ Ծառուկյանին»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ՔՈ-ի մասին խոսելով՝ քաղաքական ուժ ձևակերպումն էլ մեծ վերապահմամբ է անում: «Բայց քանի որ լեգիտիմ ընթացակարգը պահպանել են, պետռեգիստրում մուծումներ են արել և գրանցվել, իրավունք ունեն համարվելու քաղաքական ուժ: Այդ չկայացած քաղաքական ուժերը պարտադիր անցնում են քաղաքական մանկական կարմրուկի, դիզենտերիայի, կապույտ հազի շրջանը և հետո եթե անիմաստ էպատաժներով քաղաքական գործունեությունը շարունակում են, շատ սահուն կերպով հայտնվում են քաղաքական լուսանցքում: Այս տարիների ընթացում մենք տեսել ենք բազմաթիվ էպատաժային քաղաքական ուժեր, որոնք հիմա հայտնի չէ, թե որտեղ են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահը այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։
ԲՀԿ պատգամավորը պնդեց, որ որևէ իրավական հիմք իրենց պնդումների մեջ չկա, Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, և նրա բիզնեսները վաղուց հանձնված են հավատարմագրային կառավարման: «Սահմանադրության հետ որևէ հակասություն Գագիկ Ծառուկյանի պատգամավոր լինելը չունի, ուստի իրենց պահանջն իրավական որևէ հիմքով ամրագրված չէ»,-շեշտեց Զոհրաբյանը: Ապա հույս հայտնեց, որ ԱԺ նախագահը և դատախազն իրենց պարզաբանումները կտան՝ հենվելով բացառապես ՀՀ Սահմանադրության վրա:
Դիտարկմանը, թե արդյոք ԲՀԿ-ից այս հարցով պարզաբանումներ պահանջվել են, ինչպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էր ասել, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ պետք է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները՝ պարզելու, թե արդյոք շահերի բախում կա, թե ոչ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ «Իմ քայլից» իրենց որևէ մեկը չի դիմել:
«Եթե դիմեն մեր գործընկերները, մենք կրկին, եթե «Արարատցեմենտի» կառավարող մարմինների պարզաբանումները բավարար չեն եղել, եթե պատգամավորների պարզաբանումները բավարար չեն եղել, եթե ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ելույթը բավարար չի եղել, պատրաստ կլինենք նորից իրենց պարզաբանել «Արարատցեմենտի» էպոպեան, եթե իրենք այստեղ տեսնում են շահերի բախում»,-ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանը, նաև իրենք՝ պատգամավորները, «Արարատցեմենտի» մասին խոսել են այն պատճառով, որ աշխատակիցներն իրենց լիազորել են որպես պատգամավորներ ԱԺ-ից ամբիոնից բարձրացնել իրենց հնարավոր գործազուրկ դառնալու հարցը:
«Ինձ համար միևնույն է, «Արարատցեմենտի» գործարանի աշխատողներն ինձ կդիմեն բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը, Շիրակի որևէ ձեռնարկության, թե Վայոց Ձորի որևէ ձեռնարկության, մենք պատգամավոր ենք և պարտավոր ենք մեր հանրության ձայնը բարձրացնել խորհրդարանում: Աշխատակիցները 3 օր պահանջել են պատգամավոր Ծառուկյանի հետ հանդիպում, որպեսզի նա ԱԺ-ում բարձրացնի այս հարցը:
Այո, ամենակարևոը խնդիրն աշխատողների շահերի պաշտպանությունն է, որովհետև այն նախագիծը, որը կընդունի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ այն տեսքով, ինչ տեսքով ընդունել է առաջին ընթերցմամբ, ապա այո, հարյուրավոր աշխատողներ կարող են դառնալ աշխատազուրկ»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավորը նաև նշեց, որ իրենք միանշանակ չեն մասնակցի ցեմենտի հարցով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: «Որովհետև փորձ է արվում անձնավորել այս խնդիրը, և քանի որ Ծառուկյանն էլ իր ելույթում ասաց, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի է, միայն արձանագրենք՝ ցանկացած որոշման համար պատասխանատու լինելու է իշխանությունը, և արձանագրեցինք նաև հանձնաժողովում, որ այո, իրենք պատասխանատու են լինելու իրենց որոշումների ու դրանց հետևանքների համար»,-ասաց նա:
0Comments