Առաջիկայում կլինի «Իմ քայլը» խմբակցության նիստ, որտեղ խմբակցությունը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ կապված«Քաղաքացու որոշում» կուսակցության բարձրացված հարցի հետ, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին եւ նրան մանդատից զրկելու պահանջին: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ «Իմ քայլի» ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, հարցերի թվում անդրադարձ է եղել նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկին:
«Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ պարոն Ծառուկյանի որոշ հայտարարություններ տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս, եւ արժի հստակեցնել, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները:
Եղել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ գուցե գործ ունենք շահերի բախման հետ, պետք է պարզել թե, արդյոք Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե բիզնեսմեն: Բայց ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի որեւէ վերդիկտ կամ եզրակացություն տալու: Կարող եմ ասել, որ այո, կա որոշակի անհասկանալիություն:
Այս իրավիճակն ունի պարզաբանման կարիք: Այն սուբյեկտը, որ պետք է դա պարզաբանի, Գագիկ Ծառուկյանն է եւ ԲՀԿ-ն: Խոսքը հանրային պարզաբանման մասին է»,-ասաց Ռուբինյանը:
ՆՄրա խոսքով, «Իմ քայլը» կունենա խմբակցության նիստ, կձեւավորի դիրքորոշում, գուցե դրա արդյունքում որոշակի գործընթացներ լինեն:
Հարցին, թե դեռ ընտրությունների ժամանակ կասկածներ չունեի՞ք, որ Ծառուկյանը գալով խորհրդարան, շարունակելու է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նա պատասխանեց. «Ինձ մոտ պարբերաբար կասկածներ առաջանում են տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց ի վերջո, այդ կասկածները բավարար չեն, պետք են փաստեր, պետք է համակողմանի քննություն»:
Ճշտող հարցին, թե հիմա իր կարծիքով Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Քաղաքական գործիչ է, թղթաբանորեն նա ունի սեփականություն, թղթաբանորեն պաշտգամավոր դառնալուց առաջ իր բիզնեսները հանձնել է կառավարման, իսկ թե ինչպես է իրականում, ես հիմա պատասխանատվություն չեմ վերցնի անել պնդումներ, թե դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, դա անբեկանելի սկզբունք է մեզ համար: Փաստ է նաեւ, որ այս պահին բիզնեսը սերտաճած չէ իշխանության հետ: Մենք աշխատանք ունենք տարնելու այն ուղղությամբ, որ այդ իրողությունը ֆիքսվի նաեւ օրենսդրորեն: Չեմ բացառում, որ հետագայում կարիք լինի այս ատռումով հստակեցնել օրենսդրորեն»,-ասաց նա:
0Comments