«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել՝ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում և չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ավելին, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,- լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նա անդրադարձավ նաև Քաղաքացու օրվան և դրա կազմակերպչական աշխատանքների համար բյուջեից հատկացված 124 միլիոն դրամին՝ նշելով.
«Սա ներկայիս իշխանության՝ հասարակությանը պառակտելու քաղաքականության շարունակությունն է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, և հիմա իրենք փորձում են նշել, դա եղել է ամբոխի հաղթանակը Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Շատ զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությանը, հակառակը, փորձում է համախմբել»:
Դ.Շահնազարյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի հետ հանդիպումներին ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում խոսք ասելուն:
«Սերժ Սարգսյանը լուրջ կուսակցություն է ղեկավարում, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ: Կարծում եմ՝ ինչպես ինքն է խոստացել, առաջիկայում կխոսի: Վստահ եմ, որ իրենից հասարակությունը սպասելիքներ ունի: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Սերժ Սարգսյանին պարբերաբար հանդիպում եմ, իսկ կուսակցական քննարկումներին չեմ մասնակցում: ՀՀԿ-ի ամենամեծ սխալն այն էր, որ իրենցից հետո այսպիսի կուսակցություն է Հայաստանում»:
0Comments