Հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք

Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ թեկնածու Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«2016-2018 թվականներին Դուք եղել եք Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, և այդ ժամանակահատվածում Վերասկիչ պալատը ներկայացրել է հաշվետվություն և մատնանշել ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ, հակամրցակցային գործունեություն է իրականացրել»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան Գեղամ Գևորգյան ասաց. «ՎՊ-ի մատնանշած զեկույցի գնահատականներից հետո նաև ԾԻԳ-ը պարզաբանում է տվել այդ տարիներին իրականացվող գործողությունների վերաբերյակ։  խորհուրդ տվեց այդ  պարզաբանումներին ևս ծանոթանալ։ Նույն ժամանակահատվածի համար Համաշխարհային բանկի կողմից քննարկման արդյունքում այդ ԾԻԳ-ի կողմից ղեկավարվող ծրագիրը համարվել է տարածաշրջանում լավագույնը։ Նույն ՀԲ-ն, որ այս ծրագրի դոնորն է, խորհուրդ է տվել ընդօրինակել ծրագիրն ու արդյունքները»։

Անի Սամսոնյանն արձագանքեց, թե խոսքը չի գնում միայն ծրագրերի արդյունավետության մասին, այլ ՎՊ-ն կոնկրետ խնդիրներ է մատնանշել:

«ԾԻԳ-ի գնահատող հանձնաժողովի կողմից չի արգելվել այդ փոխկապակցված ընկերություններին մասնակցել միևնույն սակարկությանը։ Այս խնդիրները, որոնք մատնանշում են՝ խոսում են մի բանի մասին, որ դուք հեռու եք եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց և ըստ այդմ էլ՝ հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք»,- ներկայացրեց Սամսոնյանը։

Թեկնածուն խնդրեց, որ կոնկրետ այդ խնդիրների դեպքում պետք է նայել, թե որ ժամանակահատվածին է դա վերաբերում և հայտնեց, որ մրցույթները եղել են մինչև իր նշանակումը. «Եթե վերջին տարիներին նայեք մրցույթի անձանց քանակը, կտեսնենք, թե քանի մասնակիցներ են ավելացվել իմ նշանակումից հետո»։