Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը կանցկացվի մեկ այլ եկեղեցում

Ֆրանսիայի հայ համայնքը այսօրվա ժողովում կորոշի պատարագի վայրը

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման նախավարկածներից է վերանորոգման աշխատանքները։ Այս մասին խոսել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը։

«Աստվածամոր տաճարում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, բայց քանի դեռ քննություն չի անցկացվել, դեռ պարզ չէ հստակ պատճառը։ Ըստ երեւույթին՝ որպես առաջին վարկած պատահական հրդեհն է։ Աշտարակի շուրջ աշխատանքային սարքավորումներ կային, նորոգման աշխատանքներն արդեն սկսված էին, իսկ նորոգման ժամանակ շատ հաճախ են պատահում այդպիսի հրդեհները»,–նշեց նա։

Հարցին՝ հայ համայնքը ե՞ւս պատրաստվում է օժանդակել տաճարի վերանորոգմանը, հայ համայնքի ներկայացուցիչը պատասխանեց. «Առայժմ վաղ է այդ մասին խոսելը, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները անպայման կմասնակցեն այն մարդկանց խմբին, իհարկե, դա ամեն մեկի խղճի հետ կապված հարց է»։

Հետաքրքրվեցինք՝ այս տարի Աստվածամոր տաճարում պետք է մատուցվեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը, այժմ որտե՞ղ պետք է մատուցվի այն։

«Հայ Կաթողիկե եկեղեցին պետք է որոշի, թե որ եկեղեցում պատարագ մատուցի։ Պատարագի վայրը պետք է փոխել, մեկ այլ մեծ եկեղեցու մեջ պետք է մատուցել պատարագը»։

Ֆրանսիայի հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչն էլ հայտնեց, որ դեռեւս հստակ չէ, թե որտեղ է անցկացվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը, սակայն շեշտեց, որ այսօր այդ հարցով ժողով է գումարվելու։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Կրակի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ: Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։