Չգիտեմ ով, ինչ անձնական շահերի համար որոշում է կայացրել` թող էդքան ընտանիք չաշխատի. Ծառուկյան

Էսօր 100.000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 1300 հոգու աշխատավարձ տալ

Մինչ ԱԺ նիստի սկսվելը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձավ ցեմենտի գործարանի շուրջ բարձրացված աղմուկին:

«Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, մենք ցեմենտի գինը 50.000-ից դարձրել էինք 40.000, որ պահանջարկը մեծ լիներ: Իսկ այսօր չգիտեմ ով, ինչ անձնական շահերի շնորհիվ որոշում է կայացրել` թող էդքան ընտանիք չաշխատի, տուրքը չդրվի հենց կլինկերի վրա, իսկ կլինկերը ցեմենտի հիմնական մասն է՝ հիմնական ծախսատարը:

Էսօր 100.000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 1300 հոգու աշխատավարձ տալ, իսկ իրենք մտածում են կլինկերի վրա տուրք չդնել անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել:

Ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանին հարցրին նաև նրա նախաձեռնությամբ գումարված հանձնաժողովի նիստին Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ հրավիրելու պատճառը.

«Հիմնական նպատակն այն է, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է և քաղաքական մթնոլորտի սրացում, այս վիճակից դուրս գալու համար երաշխավորը կարող է լինել միավորումը և միասնական աշխատանքը: Այսօր դուք այդ բոլորը կտեսնեք, մենք դա կազմակերպել ենք»:

Ծառուկյանը շտապեց նիստին՝ խոստանալով նիստից հետո պատասխանիել լրագրողների բոլոր հարցերին: