Մադուրոն համաձայնել է Կարմիր խաչի կողմից հումանիտար օգնություն ընդունել

Մենք հաստատում ենք հանուն միջազգային օգնության և աջակցության համագործակցության մեխանիզմ ստեղծելու մեր պատրաստակամությունը

Վենեսուելայի իշխանությունները համաձայնել են Կարմիր խաչի կողմից հումանիտար օգնություն ընդունել:

«Մենք հաստատում ենք հանուն միջազգային օգնության և աջակցության համագործակցության մեխանիզմ ստեղծելու մեր պատրաստակամությունը»,- գրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն թվիթերյան իր էջում:

Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի նախագահի Պիտեր Մաուրերի հետ, որն «արդյունավետ» է գնահատել՝ ընդգծելով, որ կարմիր խաչի հետ համագործակցության շրջանակներում հարկավոր է հարգել «Վենեսուելայի իրավական կարգը»:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Մադուրոն փակել էր Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահմանը, որպեսզի խոչընդոտի հումանիտար օգնության մուտքը երկիր:

Վենեսուելայի սահմանապահ զորքերը թույլ չէին տվել, որ ԱՄՆ-ի կողմից ուղարկված օգնությունը մուտք գործեր Վենեսուելա, իսկ Մադուրոն ԱՄՆ-ի նման քայլը ռազմական միջամտության պատրվակ էր որակել: