Օտարի մանդատը ցեղասպանության և Արցախի կորստի ճանապարհ է. Վարուժան Ավետիսյան

Առանց ուժային բաղադրիչի ոչ մի մանդատառու չի կարող ստանձնել նման հանձնառություն

Արդեն վտանգավոր սահմանին է հասնում իբրեւ թե պատերազմից խուսափելու նպատակով Արցախի հարցի լուծումը որեւէ իրավասու միջազգային կազմակերպության կամ գերտերության մանդատին հանձնելու անհեթեթ եւ, ըստ էության, դավաճանական տեսակետի տարածումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս «հանճարեղ» հայտնագործությունը, որպես կանոն, հիմնավորվում է իսրայելապաղեստինյան հակամարտության կամ Կիպրոսի հարցի հետ համեմատությամբ։ Ընդ որում՝ այդ համեմատությունն այնպես է մատուցվում, կարծես թե իսրայելապաղեստինյան հակամարտությունը եւ Կիպրոսի հարցը մանդատի շնորհիվ խաղաղ ձեւով, առանց պատերազմի արդեն բարեհաջող կերպով լուծվել են եւ հակամարտող կողմերն արդեն մեղր ու կարագ են դարձել իրար նկատմամբ։ Իրականում այս երկու հակամարտությունն էլ լուծված չեն, իսկ նրանց նկատմամբ ստանձնած օտար կամ միջազգային վերահսկողական գործընթացները վաղուց ձախողվել են եւ դադարել։

Այս ձախողված գործընթացները մեկ անգամ եւս ապացուցել են, որ գոյություն չունի անաչառ եւ շահ չհետապնդող մանդատ կամ այլ բնույթի միջազգային վերահսկողություն, եւ որ հենց մանդատատիրոջ շահերի միջամտությունն է հանգեցնում պատերազմի, որն ավարտվում է հակամարտության թույլ կողմի նկատմամբ դրա ուժեղ կողմի ուժային, պատերազմական լուծումների։ Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացքում, երբ մանդատառու Բրիտանիան փորձեց իր շահերի միջամտությամբ ավարտին հասցնել գործը, երկու կողմից էլ հանդիպեց դիմադրության, ի վերջո 1948 թվականի մայիսի 15֊ին հրաժարվեց մանդատից, որից հետո անկախություն հռչակած Իսրայելը, որ ավելի ուժեղ էր, անցավ հարձակման, ընդլայնեց իր մանդատային տարածքը եւ մինչ օրս նույն ճանապարհով առաջ է շարժվում։

Կիպրոսը 1964 թ. անկախ է եւ նրա հարցում մանդատ չի եղել, ընդամենը փորձ է արվել ՄԱԿ֊ի զորքերի միջոցով հույն եւ թուրք հակամարտող համայնքներին զերծ պահել բախումներից։ Սակայն Կիպրոսի անկախ կարգավիճակը եւ Հունաստանի թուլությունը հանգեցրեցին ավելի ուժեղ Թուրքիայի հարձակման եւ Հյուսիսային Կիպրոսի զավթման։ Մինչ օրս էլ այդ վիճակն է։

Դարձյալ եղել է պատերազմ եւ չկա լուծում։ Ամենազավեշտալին եւ, միեւնույն ժամանակ՝ վտանգավորն այն է, որ հիշյալ «հայտնագործությունը» իբրեւ թե չի ենթադրում մանդատառու կողմի զորքերի տեղակայում։ Մինչդեռ դա բացառված է։ Առանց ուժային բաղադրիչի ոչ մի մանդատառու չի կարող ստանձնել նման հանձնառություն։

Ավելին՝ Արցախի հարցի պարագայում դա պարտադիր կերպով ենթադրում է, որ պետք դադարեցվի ՀՀ փաստացի մանդատի գործողությունը, Արցախից դուրս բերվի ՀՀ ռազմական բաղադրիչը, վերացվի Արցախի նկատմամբ ՀՀ իրավազորությունը եւ արդյունավետ վերահսկողությունը եւ դրա փոխարեն հաստատվի նոր մանդատառուի վերահսկողությունը։ Եթե ՀՀ փաստացի իրավազորության եւ արդյունավետ վերահսկողության պարագայում են Արցախի այսօրվա իշխանիկները դավաճանական քայլեր կատարում, ապա ինչ կլինի այն ժամանակ, երբ Արցախը հայտնվի մեր ազգային շահի հաշվին իր շահերն իրացնելու նպատակ ունեցող օտարի վերահսկողության ներքո։

Այսքանով սահմանափակվենք, այս մանդատիստականության անհեթեթությունն ու վտանգավորությունը առանց երկար֊բարակ բացատրությունների էլ հասկանալի է։ Միայն հավելենք, որ մանդատիստական այս "հայտնագործությունն" այսօր երկու շահառու ունի։ Առաջինը եւ գլխավորը Պուտինյան կրեմլն է, որ տարված է մի նոր ԽՍՀՄ֊ի ձեւով Ռուսական կայսրությունը վերականգնելու մեռելածին գաղափարով եւ հանուն դրա նպատակ ունի մեր ձեռքով մեր տունը քանդել, Արցախն օտարել մեզանից եւ Հայաստանը իր մարզը դարձնել։

Երկրորդը անձնական շահի մոլուցքից կուրացած հայ գործիչներն են, որ միամտորեն կարծում են, թե Պուտինն իր նպատակին հասնելուց հետո իրենց կնշանակի տեղապահ։ Այս մարդիկ, ցավոք, կարճ հիշողություն ունեն։ Մոռացել են, որ հենց իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ արդեն փորձարկված ռուսական մանդատը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայ բնակչության ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ պայքարող հայ մարդիկ, այդ թվում՝ իրենցից շատերը, հայտնվեցին ադրբեջանական բանտերում»:

Նշենք, որ Արցախի հարցի լուծումը որեւէ իրավասու միջազգային կազմակերպության կամ գերտերության մանդատին հանձնելու մասին հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: