Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան

Տոկաևը կոչ է արել հուշարձան կանգնեցնել Նազարբաևի պատվին և նրա անունով կոչել շրջանային քաղաքների կենտրոնական փողոցները

Ղազախստանի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքի վերանվանման մասին:

«Աստանա քաղաքը վերանվանել Նուր-Սուլթան»,- ասված է փաստաթղթում:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարականի մասին հայտարարել էր մարտի 19-ին: Լիազորությունները նա փոխանցել էր Տոկաևին: Որպես սենատի նախագահ վերջինս իրականացնելու է պետության ղեկավարի պարտականությունները մինչև հերթական ընտրություններ, որոնք նախատեսված են 2020 թվականին: Երդմնակալության օրը Տոկաևը հանդես եկավ առաջարկությամբ՝ վերանվանել մայրաքաղաքը Նուր-Սուլթան, իսկ խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել համապատասխան փոփոխությունները սահմանադրության մեջ: Բացի այդ, Տոկաևը կոչ է արել հուշարձան կանգնեցնել Նազարբաևի պատվին և նրա անունով կոչել շրջանային քաղաքների կենտրոնական փողոցները:

Աստանայի վերանվանմանը դեմ է ընդդիմությունը: Մայրաքաղաքում և Ալմա-Աթայում բողոքի ակցիաներ են կայացել, որոնց ժամանակ ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդ է ձերբակալել: