Թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է Սիեթլից Ստամբուլ թռիչքի ժամանակ, օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Turkish Airlines-ի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ Սիեթլ-Ստամբուլ թռիչքի ժամանակ 59-ամյա Իլչեխին Փեհլիվանը կորցրել է գիտակցությունը։ Առաջին բժշկական միջամտությունն անհաջող է անցել, որից հետո անձնակազմը որոշել է վթարային վայրէջք կատարել, սակայն օդաչուն մահացել է վայրէջքից առաջ։
Օդաչուն, ով աշխատում էր Turkish Airlines-ում 2007 թվականից, մարտին հետազոտվել է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից լիազորված ավիացիոն բժշկական կենտրոնում, ասել է մամուլի քարտուղարը։ Այդ ժամանակ նրա մոտ չեն հայտնաբերվել առողջական խնդիրներ, որոնք կխանգարեին նրան աշխատել։
Ավիաընկերությունն իր ցավակցությունն է հայտնել Փեհլիվանի ընտանիքին, գործընկերներին ու մտերիմներին։
0Comments