Զանգեզուրի համար Թեհրանը Երեւանի փոխարեն էլ պետք է կռիվ տա․ «Զանգեզուրյան» միջանցքի հարյուրամյա ակունքը

Մանրամասներ
միջանցք

«Զանգեզուրյան» միջանցքի հարյուրամյա ակունքը

Իրանական բանակի գնդապետ Ալիխան Ռիազին շուրջ 100 տարի առաջ կանխատեսել էր տխրահռչակ «զանգեզուրյան» միջանցքի սպառնալիքների մասին:

Խոսքը 1932 թվականին ձեւավորված սահմանազատման եւ սահմանագծման իրանա-թուրքական համատեղ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններից Թուրքիային 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք հանձնելու մասին է, որի մեջ էր մտնում Սիսն ու հարակից տարածքները, ինչի շնորհիվ Թուրքիան Նախիջեւանի հետ ցամաքային ճանապարհով հաղորդակցվելու հնարավորություն էր ձեռք բերում:

Հայտնի է, որ մինչեւ 1934 թվականը Մեղրիի սահմանային անցակետից բացի, Հայաստանն ունեցել է ցամաքային ճանապարհով Իրանի հետ հաղորդակցվելու եւս մեկ ճանապարհ՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի Վեդիից դեպի հարավ ընկած հատվածը, որը 1934 թվականին հանձնվել է Թուրքիային:

Փարիզում Իրանի դեսպանատանը որպես ռազմական կցորդ պաշտոնավարող բարձրաստիճան զինվորական Ռիազին, լսելով հողահանձնման վերաբերյալ ընդունված որոշման մասին, նամակ է ուղարկում իրանական արքունիք եւ զգուշացնում.

«…Այդ տարածքի օտարումն ու դրա միացումը Թուրքիայի տարածքին կհանգեցնի նրան, որ տարածքային վեճերի ու անհամաձայնությունների ժամանակ Իրանը զրկված լինի վճռորոշ խոսք ասելու հնարավորությունից»:

Գնդապետը նաեւ իր նամակում նշում է, որ ապագայում Իրանի ու Թուրքիայի միջեւ տարաձայնություններ առաջանալու դեպքում, այդ հողահանձնումը անցանկալի հետեւանքներ կունենա Իրանի համար: Սակայն, Ռեզաշահ Փեհլեվին, բարեկամական հարաբերությունների հիմքերն ամրապնդելու նպատակով, այդ տարածքը հանձնում է Թուրքիային:

Ըստ ամենայնի, եթե թուրք-իրանական բարեկամական հարաբերությունների հիմքերն ամրապնդելու նպատակով շուրջ 100 տարի առաջ Իրանի կողմից այդ հողահանձնումը տեղի չունենար, այսօր Իրանը չէր բախվի «զանգեզուրյան» նախագծի վտանգի հետ:

Ուշագրավ տեսակետ է հայտնել իրանցի լրագրողուհի Սանազ Նաֆիսին, իր ծավալուն վերլուծականում անդրադառնալով «Զանգեզուրյան» միջանցքի մոտալուտ գործարկման հավանականության մասին, պատճառաբանելով, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքն այդ նախագիծը կյանքի կոչելու հարցում ճնշում են գործադրում Հայաստանի վրա, իսկ Հայաստանն էլ շահագրգռված է այդ նախագծով, քանի որ «Զանգեզուրի» միջանցքի բացումը Հայաստանին հնարավորություն է տալիս, ներգրավված լինել հսկայածավալ եկամուտներ ապահովող աշխարհատնտեսական գործընթացների մեջ:

Նաֆիսին նաեւ համոզված է, որ ներկայումս Երեւանին միջանցքն անհրաժեշտ է շրջափակումը ճեղքելու եւ եկամուտի նոր աղբյուրներ հայթայթելու համար:

Այս օրերին «զանգեզուրյան» թեմաներով ողողված իրանական մամուլում առանձնանում է նաեւ իրանցի փորձագետ Մալեք Մոսադեղի iranian diplomacy կայքում տեղ գտած «Զանգեզուրի համար Թեհրանը Երեւանի փոխարեն էլ պետք է կռիվ տա» վերնագրով վերլուծական հոդվածը, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետը գործում է Թեհրանի դեմ եւ հօգուտ Բաքվի:

Մալեք Մոսադեղը նույնպես տխրահռչակ միջանցքի ակունքները տեսնում է շուրջ հարյուր տարի առաջ Թուրքիան Նախիջեւանին կապող տարածքը Անկարային հանձնելու մասին ընդունված սխալ որոշման մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ