«Հիացած եմ ի շահ բոլոր հայերի ժողովրդավարական բարեփոխումներ և տնտեսական զարգացում բերելու Ձեր վճռականությամբ»

Տուսկը՝ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Առաջինը ելույթ է ունեցել Տուսկը, որը սկզբում շնորհակալություն է հայտնել Փաշինյանին դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակից և նոր կառավարության նշանակումից կարճ ժամանակ անց Բրյուսել այցելելու համար:

«Ձեր կառավարությունը կենտրոնացած է այն արժեքների և դրանց վրա հիմնված բարեփոխումների վրա, որոնք խորապես գնահատված են Եվրոպայում: Ես հիացած եմ ի շահ բոլոր հայերի ժողովրդավարական բարեփոխումներ և տնտեսական զարգացում բերելու Ձեր վճռականությամբ»,-ասել է Տուսկը՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի՝ ժողովրդավար երկիր դառնալու և իր քաղաքացիների համար ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ջանքերին:

Պաշտոնյան նաև ասել է, որ Բրյուսելը հաստատակամ է իրագործել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը կյանքի կոչելու խոստումը, որն էական շահ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ ԵՄ-ին:

«Տվյալ համաձայնագրի իրագործումը լիովին համապատասխանում է ներքին բարեփոխումներին: ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել բարեփոխումների գործընթացին՝ տրամադրելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն»,-ասել է ԵՄ պաշտոնյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Բրյուսել է մեկնել երեկ:

ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջին այցը կայացել է 2018թ. հուլիսին:

Նա հանդիպել է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել էր Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես էր եկել ելույթով։