ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ

Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԶՈՒ կորուստների դեպքերը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դրա մասին վկայող մի քանի փաստ:

«ՀՀ ԶՈւ-ը կորստի ոչ մի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում:

Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ֆ. Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապատասխան մարմինների կողմից:

Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:

Էդ. Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից:

Այնպես որ, ՀՀ ՊՆ կողմից դեպքեր թաքցնելու մասին խոսակցությունները չունեն որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»,- գրել է Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողի մահվան դեպքերը: Այդ տեղեկությունները մարտի 5-ին հերքել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: