Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրի

Մանրամասներ
քահանա

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանին, 60-ամյա հոբելյանի և երկարամյա վաստակի համար, արժանացրեց Օրհնության և գնահատանքի գրի:

Օրհնության գրում մասնավորաբար ասվում է. ««Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17): Երեք տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ, նախանձախնդրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների և հոգևոր եղբայրների սերն ու ջերմությունը: Ձեր համայնքի անդամներին հայրական անսպառ հոգածությամբ և սիրով  ուսուցանում եք  ավետարանական պատգամները՝ նրանց հոգիներում առատացնելով սերն առ մերձավոր և  առ Աստված:

Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով   աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»:

Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. մայիսի 1-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով: 1990թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, (ներկայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի) Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1991 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

2007թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն, 2016թ. փետրվարի 2-ին՝ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

2000 թվականից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: