Հիմա էլ մարդիկ չեն ուզում բոլոր մարտահրավերները իմանալ, պատրաստ լինել և լսում են իրենց ամեն օր հերոինի պես հույս վաճառողներին․ Մարուքյան

Մանրամասներ
Էդմոն Մարուքյան

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է պատմել, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Հոկտեմբերի 4-ն էր։ Դեռ Արցախում էինք, եւ տեղի ունեցավ հայտնի ողբերգական դեպքը՝ հարձակումը Շուշիի մշակույթի տան վրա, որտեղ ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքված էին ինչ-որ խորհրդակցության։

Շատ պարզ էր, որ դրոններով օդային հսկողություն կա ամբողջ տարածքի նկատմամբ։ Եվ ոստիկանությանը հավաքում են մշակույթի տանը ինչ-որ խորհրդակցության համար։

Բնականաբար, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, հետեւելով այդ գործընթացին, երբ բոլոր ոստիկանները մտնում են ներս, ռմբակոծում է մշակույթի տունը։ Փլուզվում է դահլիճը եւ ունենում ենք բազմաթիվ զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Այդ կադրերը հայտնվեցին սոցցանցերում, մամուլում եւ բավականին խուճապային տրամադրություններ առաջացրին թե Ստեփանակերտում, թե Երեւանում։ Մենք մեր բոլոր հանդիպումներն ավարտեցինք հոկտեմբերի 5-ին եւ որոշեցինք վերադառնալ Երեւան, որովհետեւ հոկտեմբերի 6-ին Երեւանում պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նիստ։

Գոյություն ուներ ռազմական դրության իրավական ռեժիմի հետեւանքով ստեղծված տեղեկատվական վակուում եւ հրապարակայնորեն չէիր կարող ասել որեւէ բան, որը չի համապատասխանում պետական քարոզչությանը։ Օրինակ, ասել, որ մենք պարտվում ենք, որ խայտառակ վիճակ է ռազմաճակատում։