Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը:
Հայտարարությունը՝ ստորեւ.
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը ողջունում է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը, դրանում արված շեշտադրումներն ու հավասարակշիռ դիտարկումները։
Խիստ կարեւոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ եւ ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատված ձեւաչափով կարգավորման վերաբերյալ Հայաստանի հավատարմության վերափաստման հանգամանքը։
Ելույթի առավել սուր՝ ՌԴ որոշ խորհրդանականների՝ ակնհայտորեն հակահայկական միջոցառմանը մասնակցելու քննադատության հատվածը նույնպես դիտարկում ենք որպես ռազմավարական դաշնակցի հետ արժանապատիվ երկխոսության եւ այդ հարաբերություններում սեփական օրինական հետաքրքրությունների առաջմղման երեւույթ։
Մեր համոզմունքն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորման հարցում խիստ կարեւոր է ինչպես առհասարակ հավասարակշռության, այնպես էլ կոնկրետ դիվանագիտական բալանսի պահպանումը։ Դա կարեւոր է նաեւ թշնամու հնարավոր արկածախնդրությունների կանխարգելման առումով։ Այս առնչությամբ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի ելույթը տեղին է ու նպատակային»։
0Comments