Ներկայումս որևէ քաղաքական խոչընդոտներ չկան Մարտի 1–ի բացահայտման համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև ճիշտ հակառակը՝ քաղաքական ամենաբարձր ամբիոններից հնչեցվում է Մարտի 1–ի գործը բացահայտելու քաղաքական պահանջը»,–լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ իսպառ բացառվի երկրի քաղաքական կյանքում քաղաքական բռնաճնշումների մեթոդը։
«Երթը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ հասարակությունը միակամ է, որ երբեք նման բան տեղի չունենա»,–ասաց նա։
Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ անդրադարձավ հարցին, թե արդյոք այսօր Մարտի 1–ն ամբողջությամբ բացահայտված է։
«Այն, ինչ ասում են իրավապահները Մարտի 1–ի բացահայտման կապակցությամբ, համապատասխանում է իրականությանը»,-ասաց նա։
Հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո արդյոք հաջողվե՞լ է կառուցել այնպիսի պետական և իրավական համակարգ, որը կբացառի հետագայում նման իրադարձությունների կրկնությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Կարևոր հիմքերից մեկը դրվել է. այն է՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։ Դեկտեմբերի 9–նն ապացուցել է, որ մեք այլևս չենք վերադառնալու անցյալին, մենք նայելու ենք դեպի ապագա և կառուցում ենք պետություն, որի հիմքում ընկած են այն ինստիտուտները, որոնք օգնում են բացառելու ևս մեկ Մարտի 1»։
Աղբյուրը՝ news.am
0Comments