Ճապոնիայի կառավարությունը նոր գույք կտրամադրի Վայոց ձորի մարզի 19 դպրոցի

Նոր տեղադրված սարքավորումները կբարելավեն 2300 աշակերտի ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի աշխատանքային միջավայրը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ «Վայոց ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի» համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ:

Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայը և «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Ճապոնիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը, նշել է, որ համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ այժմ մեծ համակազմ ունեցող դպրոցներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել:

«Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են կրթության ընդհանուր որակը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ դպրոցների ֆիզիկական պայմանները ևս կարևոր ցուցիչ են այդ հարցում»,- նշել է նախարարը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքերով՝ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը:

«Նոր տեղադրված սարքավորումները կբարելավեն 2300 աշակերտի ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի աշխատանքային միջավայրը: Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի կարևոր հիմնասյուներից է և ապագայի հաջողության բանալին: Հենց այս պատճառով Ճապոնիան կարևորում է կրթական գործընթացում պատշաճ հարմարությունների ապահովումը: Մենք հույս ունենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, որ ավանդաբար ձևավորում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հիմքը»,- նշել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այս պայմանագիրը մեկն է այն շարունակական աջակցության քայլերից, որը ցուցաբերում է Ճապոնիայի կառավարությունը: Վերջինիս օժանդակությամբ ՀՀ մարզերում իրականացվել է 58 ծրագիր, որի շրջանակում վերանորոգվել է ավելի քան 250 դպրոց:

«Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը տեղեկացրել է, որ 19 դպրոցների ընտրությունը կատարվել է Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

«Ծրագրի իրականացման համար նախատեսված է մեկ տարի, սակայն մենք կանենք հնարավորը, որպեսզի  նոր ուսումնական տարին երեխաները դիմավորեն կահավորված դասասենյակներում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում դպրոցական սարքավորումների տեղադրումը՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։