Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին

Մանրամասներ
Վահե Ղազարյան

Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով այս պահին զրուցում է գյուղացիների հետ:

Արդեն տևական ժամանակ է, որ գյուղացիները փակել են ճանապարհը և հրաժարվում են բացել այն, պահանջում են գործընթացի կասեցում։

«Տավուշի մարզպետն ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաև ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետևից ոչ մի բան չի լինելու: Մարդիկ, բան չիմանալով, գալիս կողքից խառնում են: Ես եկել եմ Կիրանցի ժողովրդի հետ խոսելու: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու»,- նշեց ՆԳ նախարարը:

Բնակիչներից մեկն էլ արձագանքեց նրա խոսքերին. «Սահմանն արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս, վրեժ ե՞ք լուծում, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ»:

«Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի։ Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, ես բացատրեմ»,- պատասխանեց նախարարը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նույնպես ներկա էր զրույցին:

«Եթե ադրբեջանցին գա, կանգնի գյուղի կողքը, գյուղն այլևս անկեսունակ է լինելու, որևէ երաշխիք չկա, որ ադրբեջանցին դրանից հետո իրեն հանդարտ է պահելու: Սահմանազատումը պետք է այնպես արվի, որ որևէ գյուղի կենսունակության վրա դա չազդի»,- ընդգծեց պատգամավորը: