«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ արտաքին քաղաքական վերջին շրջադարձերը լուրջ կրքեր են բորբոքել:
Բանն այն է, որ որքան էլ իշխանականներն իրենց հարցազրույցներում կամ լրագրողների հետ զրույցներում կրկնում են նույն թեզերը, ինչ Փաշինյանն է ասում, բայց իրականում նրա որոշումները ոչ միանշանակ են ընդունվում թիմում: ՔՊ-ականներից շատերը անորոշ վիճակում են, չգիտեն՝ ինչ դիրքորոշում հայտնեն այս կամ այն հարցի շուրջ, օրինակ՝ Տավուշի գյուղերի հանձման կամ էլ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է խորհրդարան՝ ՔՊ-ականների հետ հանդիպման:
Իշխանականները հույս ունեն, որ գոնե այս հանդիպումների ժամանակ սպառիչ պատասխաններ կստանան Փաշինյանից, որը, սովորաբար, իր որոշումները գաղտնի է կայացնում, ու ՔՊ-ում միայն հաշված մարդիկ են նախապես իմանում:
«Ժողովուրդ» օրեթերթի տեղեկություններով՝ այս անորոշությունը սրել է իրավիճակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Իշխանական պատգամավորներից ամեն մեկը փորձում է իրեն լիդեր կարգել ու իր գաղափարի շուրջ համախմբել մյուսներին, այլ կերպ ասած՝ թիմի ներսում իրենց թիմն են ստեղծում, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
0Comments