«Մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել»․ Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման մասին

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի առնչությամբ բոլոր բողոքները։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Համակարգը նորմալ աշխատում է։ Հասկանում ենք, որ որեւէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում են նաեւ ընթացիկ տեղեկատվության պակաս է լինում, որոշակի բարդություններ են՝ համակարգից օգտվելու տեսանկյունից։ Ամենօրյա ռեժիմով մենք հավաքագրում ենք բոլոր բողոքները։ Եթե կան խնդիրներ, ապա դրանց արագ լուծում է տրվում, նաեւ ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը»,- նշեց նախարարը։

Ավանեսյանը հայտնեց, որ այս օրերին մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել․ «Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է, բայց, իհարկե, ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային եւ նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թափանցիկությանը»։

Անդրադառնալով բողոքների բովանդակությանը՝ նախարարն օրինակ բերեց․ «Մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, օրինակ՝ ինչ-որ մի դեղ, որը որ երկար օգտագործելի է, ամեն անգամ պիտի գնա՞ն բժշկի խորհրդատվության, որպեսզի կարողանա դեղատոմս դուրս գրվի, մենք տեղեկացնում ենք, որ ոչ, դրա անհրաժեշտությունը չկա, կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակի համար դուրս գրվել դեղեր, եւ քաղաքացին  ամեն անգամ բժշկի չպետք է գնա»։