Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ փետրվարի 25-իմ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Հակոբյանը, պարեկներն Ռաֆայել Առաքելյանը, Գուրգեն Գալստյանը և կրտսեր պարեկ Արման Սանեյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։