«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ։ Այս մասին առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ խորհրդակցության ժամանակ ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը միեւնույն ժամանակ նշել է, որ ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:
Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել ավելի քան 1000 ծնողի շրջանում կատարված հետազոտության արդյունքները։ Մասնավորապես, ծնողների 70 տոկոսը գտնում է, որ շախմատը նպաստում է տրամաբանության զարգացմանը, սակայն միաժամանակ նրանց մի մասը դժգոհ է առարկայից, քանի որ տնային առաջադրանքները բարդ են և իրենք դժվարանում են օգնել երեխաներին: Մյուս դժգոհությունն այն է, որ աշակերտները հիմնականում շախմատից ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան մնացած առարկաներից, իսկ դա բացասական է անդրադառնում միջին գնահատականի վրա: Որպես տնային առաջադրանք տրվող խնդիրները ինքնուրույն կարողանում են լուծել երեխաների 38 տոկոսը, 62 տոկոսը դիմում է ծնողների օգնությանը, իսկ ծնողների 29 տոկոսը դժվարանում է օգնել երեխաներին: Հարցման ընթացքում ծնողները որոշ առաջարկություններ են ներկայացնել, այդ թվում նաև առարկայի ուսուցումը 3-րդ դասարանից սկսելու վերաբերյալ: Հարցմանը մասնակիցներից ընդամենը 4-ն են առաջարկել` շախմատը հանել դպրոցից:
Ամփոփելով հանդիպումը` Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ առարկայի ներդրման նպատակն, ի սկզբանե եղել է ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստելը:
Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, իրականացնել քայլեր առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:
0Comments