Փաշինյանը դասեր չի քաղել

Մանրամասներ
Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի խելահեղ քաղաքականությունը հանգեցնելու է պետականության կոլապսի
«Որովհետև վերջին 20 տարում ում տեսել ենք, որ տուն մտել ենք, այդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը։ Պիտի հասկանայինք, որ սա ժողովրդի ուղերձն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ ժողովրդի այդ ուղերձը չլսելն է եղել իր հանցանքը:

Թվում է՝ մարդկային ինքնախոստովանություն է:

Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը ոչ միայն խաղաղության կոնցեպցիային հակադրվել է, ապա նախապատերազմյան շրջանում եղել է պատերազմի հրձիգ՝ լեգիտիմացնելով Ալիևի օրակարգը:

Դրա հետևանքը՝ 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են:

Փաշինյանը դասե՞ր է քաղել:

Ամենևին՝ ոչ:

Նրա համար ոչ խաղաղության պայմանագիրը, ոչ էլ դրանից ածանցվող այլ գործընթացներ գերնպատակ չեն: Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է, մնացյալն ածանցյալ են:

Այս ճանապարհին Փաշինյանն արդեն զոհաբերել է Արցախը, հաջորդը Հայաստանն է, որովհետև նման խելահեղ քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ Հայաստանը հայտնվի ավելի գլոբալ ու բազմաշերտ հակադրության թիրախում՝ պետականության կոլապսի հեռանկարով:

Սա՞ է խաղաղությունը:

Եթե դա է Փաշինյանի ընկալումը, ինքը հասարակությունից նման մանդատ չի ստացել:

Ու առհասարակ, Փաշինյանը վարկաբեկում է խաղաղության գաղափարը՝ դրա տակ մերթ հասկանալով ամբարտավան պսևդոհայրենասիրություն, այսօր՝ պետականության հիմքերի խարխլում»։

Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց