Երբ «նախկինում» ԱԺ մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել երկրորդ օգնականի հաստիք ավելացնելու հարցը, միանշանակ դեմ էի, ըստ այդմ էլ՝ Կառավարության համար պատրաստեցի փաստարկված առարկություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորները պնդում էին, որ մի օգնականը չի կարող պատշաճ կատարել տրված հանձնարարությունները, իսկ իմ հակափաստարկն այն էր, որ իրենց հանձնարարությունների կատարման պատասխանատուն ոչ թե մեկ-երկու օգնականներն են, այլ ավելի քան՝ 800 հանրային ծառայող ունեցող ԱԺ ողջ աշխատակազմը, և եթե բացակայում է աշխատանքային բնականոն մթնոլորտը, ապա ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ: Ընտրվեց հասարակական հիմունքներով օգնականի իբր փոխզիջումային տարբերակը, թեպետ՝ դա իմ մտահոգությունների հետ անմիջական կապ չուներ:
Ցավում եմ, բայց օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան, այդպես էլ չընկալվեց այն պարզ իրողությունը, որ հանրային ծառայության յուրաքանչյուր հաստիք կոչված է բացառապես հանրային նշանակության մասնագիտական առանցքային խնդիրներ լուծելու համար՝ անկախ վճարման համակարգից»։
Նշենք, որ օրերս ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը հայտարարել էր, որ իր ամուսնուն նշանակել է հասարակական հիմունքներով օգնական, որ իրեն ոչ թե շենքի դրսում սպասի, այլ շենքի ներսում՝ իր աշխատասենյակում:
0Comments