Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` իր նպատակը հայոց պետականության կործանումն է

Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարությունների մասին

 

Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության կործանումն է: Սրա մասին Ադրբեջանը միշտ խոսում է, ավելին` մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սակայն իր այդ հայտարարություններով հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանն այսպիսին է, մենք միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Չպետք է ակնկալել Ադրբեջանից դիրքորոշման փոփոխություն կամ ակնկալել, որ նա ինչ-որ կառուցողական քայլեր է կատարելու, հնարավոր չէ»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ: Այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը. «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»»,-ասել էր Ալիևը։

Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանի այս վարքագիծն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք ունի իր մեջ: «Ադրբեջանը բազմազգ երկիր է և անելու է ամեն ինչ, որպեսզի չճանաչի Արցախը: Ուշ թե շուտ ճանաչելու է, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա հետաձգվի, որովհետև բազմազգ է: Եթե Արցախը ճանաչի, այլ ազգեր նույնպես կարող են անկախության ձգտման իրենց քայլերը գործնական դարձնել: Ադրբեջանի համար նույնիսկ շատ ավելի վտանգավոր է Արցախի ինքնավարությունը ճանաչել, քան անկախությունը:

Իհարկե, մեզ համար անընդունելի է ինքնավարության ճանաչումը, բայց այդ ինքնավարությունն ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այլ ժողովուրդներ նույնպես ինքնավարություն կուզեն, ինչը կնշանակի, որ Ադրբեջանն իրոք արհեստական է, իսկ փոքրամասնություններին ներկայացնում են որպես ադրբեջանցի»,- պարզաբանեց նա:
Նա նշեց, որ Ադրբեջանի համար կա երկու տարբերակ` փորձել ոչնչացնել մեր պետականությունը կամ պարզապես սսկվել: «Որպեսզի Ադրբեջանը չկարողանա կործանել մեր պետականությունը, դրա բանաձևը պարզ է` միշտ պետք է ունենանք ուժեղ բանակ, ներհայկական միասնականության բարձր մակարդակ և միշտ պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն` խորացնելով, ամրապնդելով մեր ավանդական բարեկամների ընկերների դաշնակիցների հետ կապերը, ինչպես նաև զարգացնելով մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Սա է բանաձևը՝ ինչպես անել, որպեսզի Ադրբեջանի երազանքներն այդպես էլ մնան երազանքներ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: