«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հարկավոր է մանրամասնել տնտեսական հեղափոխություն ձեւակերպումը, քանի որ այդ հասկացությունը տարբեր կերպ է ընկալվում: Ըստ պատգամավորի՝ նրանք բացառիկ հնարավարություն ունեն Հայաստանում մարդկանց ստեղծարար ուժը տնտեսական աճի գործոնի վերածելու:
«Մենք հստակ հայտարարում ենք, որ տնտեսական աճի շարժիչ ուժ է ոչ թե կապիտալը, այլ մարդկանց ստեղծարար ուժը: Հեղափոխությունը հենց դրանում է», -պարզաբանեց Կարապետյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիր գործիչները պետք է լրացուցիչ ուղիներ մատնանշեն, որպեսզի օգնեն հասկանալ, թե ինչպես եւ որ ոլորտներում կարելի է օգտագործել այդ ստեղծարար ուժը:
«Պետք է հասկանալ, ինչպես անել, որ մարդիկ ավելի լավ եւ շատ աշխատեն, հաճույքով անեն այդ աշխատանքը, սիրեն այդ աշխատանքը, իսկ մենք, վերջիվերջո՝ մեր աշխատանքը, քանի որ եթե նկատել եք, այս դահլիճում օրը տխուր է անցնում: Չկան ժպիտներ, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքը հաճույքով չենք անում: Մենք պետք է հաճույք ստանանք մեր աշխատանքից: Մենք պետք է վերափոխենք այս իրավիճակը եւ դուրս գանք դրանից», -ասաց պատգամավորը:
Չնայած նրան, որ դահլիճում ծիծաղով ընդունվեց Կարապետյանի ասածը, սակայն վերջինս շարունակեց պատգամավորներին բացատրել կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ ժողովրդի հետ պետք է ժպիտով խոսել եւ ծրագրի էությունը նույնպես ժպիտով ներկայացնել:
0Comments