ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի հասկանում, թե ինչու են վիրավորել խորհրդարանականները Կառավարությունից։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ համակարծիք չէ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, ըստ որի՝ առանց խորհրդարանական ուժերի հետ նախապես կառավարության ծրագիրը քննարկելու ԱԺ ներկայացնելն անհարգալից վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ.
«Ես վստահ չեմ, որ ինձ հայտնի է այդպիսի ավանդույթ, իսկ ընթացակարգային իմաստով վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կա, որը դա պարտադիր է դարձնում: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, բայց դրանից հետևություն անել, որ արհամարհանք կա, կարծում եմ, առնվազն չափազանցված է:
Համենայն դեպս, ես՝ որպես կառավարությունը ներկայացնող, չունեմ որևէ մոտիվացիա ոչ հարգալից կամ արհամարհական վերաբերմունք ունենալ որևէ պատգամավորի նկատմամբ՝ անկախ նրա քաղաքական հայացքներից»,- ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ այսօր ԱԺ-ն բավականին ակտիվ քննարկում է կառավարության ծրագիրը։ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ կառավարությունը չի կարող անտեսել խորհրդարանը, քանի որ ԱԺ պատգամավորը նախևառաջ ինստիտուտ է, իսկ ինքն անհարգելից վերաբերմունքի մոտիվացիա չունի։
Ինչ վերբերում է ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրում փոփոխություններ անելուն, նախարարն ասաց․ «Հիշենք, որ խոսքը վերաբերում է կառավարության ծրագրին, որի քաղաքական պատասխանատուն կառավարություն է։ Ընդդիմությունն իրավունք չունի փոխել կառավարության ծրագիր, բայց դրա համար պատասխանատու լինի կառավարությունը։ Ծրագրի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի, բայց ոչ այն փոխելու»։
0Comments