Նախկին ընդդիմադիրները սկսել են շատ բուռն արձագանքել քննադատությանը. Իշխան Սաղաթելյան

Իշխանությունները պետք է հանգիստ վերաբերվեն քննադատությանը եւ հաշվի առնեն այն

Իշխանության գալուց հետո նախկին ընդդիմադիրները սկսել են շատ բուռն արձագանքել քննադատությանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մենկաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այդ պաշտոնում  ՀՅԴ ներկայացուցչի երկարատեւ պաշտոնավարման ընթացքում ոլորտը վատ վիճակում է հայտնվել:

Նրա խոսքով՝ նախկին իշխանություններին քննադատելուց առաջ պետք է տեսնել, թե ինչ ենք իրենք կարողացել անել այս ամիսների ընթացքում:

«Իշխանությունները պետք է հանգիստ վերաբերվեն քննադատությանը եւ հաշվի առնեն այն: Իսկ արդարացումն ու անցյալի հետ համեմատությունը աննպատակահարմար է, քանի որ, եթե նախկինում  ամեն ինչ լավ լիներ, ապա նրանք չէին գա իշխանության», - նշեց նա:

Հարցին՝ արդյոք կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են որեւէ նախարարական պորտֆել զբաղեցնելու առաջարկ ընդունել, Սաղաթելյանը վստահեցրեց, որ նրանք այլեւս իշխանության մաս չեն դառնա, եթե նրանց դիրքորոշումը որոշիչ նշանակություն չի ունենալու: