Մանե Թանդիլյանը ԼՀԿ պատկերացրած տնտեսական հեղափոխությանը համապատասխանող չի համարում կառավարության ծրագրի տնտեսական հատվածը

Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ծրագրում բացթողումներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց: Այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության՝ գոնե մեր պատկերացրած ընկալմանը»,-նշեց Թանդիլյանը:

Նա նշեց, որ ծրագրում որպես մակրոտնտեսական ցուցանիշ նշված է միայն ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: Թանդիլյանն այդ ցուցանիշը հեղափոխական, լավատեսական չի համարում։ «Անհրաժեշտ է կատարել լուրջ քայլեր, ոչ թե պահպանողական, ինչպես նախկին կառավարությունն էր անում»-ասաց Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում: Կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա:

Կառավարության ծրագրի նախագիծն Ազգային ժողովը կքննարկի փետրվարի 12-ի նիստում: