Երևանում խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 անձ

Վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել

Փետրվարի 9-ին ոստիկանության ԿՀՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման են ենթարկել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նրանք են` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը:

Աղբյուրի փոխանցմամբ` վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց:

Նրանց մոտ հայտնաբերվել է 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:

Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով` Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ զինծառայող է: