Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Աղասի Ենոքյան

Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արցախյան հակամարտությանը և տարածքներ զիջելու մասին խոսակցություններին՝ նշելով, որ որոշ փորձագետներ տագնապ են բարձրացնում, որ կան որոշակի խնդիրեր, մյուսները համարում են, որ խնդիրների մասին խոսակցությունն ավելորդ աղմուկ է:

«ՀՀ պաշտպանական գիծն անցնում է այդ տարածքներով, միակ մարտի պատրաստ գիծը դա է, դրանից հետո չունենք պաշտպանական գծեր, եթե զիջում ենք, դառնում ենք մերկացած մինչև Երևան: Հայաստանի կառավարման համակարգում կան խնդիրներ: Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց»,-ասաց նա՝ նշելով, որ ներկայումս չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ վտանգավոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մեկ վեկտորային է դարձել. «Եղած փաստաթղթավորված հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ: Այս ընթացում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծում և պատրաստվում է պատերազմի»:

Քաղաքագետն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն միջազգային հանդիպումից առաջ գնում է Մոսկվա «կոնսուլտացիաների», և այս կառավարության ծրագրում «զադնի տալը», նոր մոտեցումները արձանագրված չեն: