«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ ծրագրում ես «տնտեսական հեղափոխություն» անել և ցանկացած առիթն օգտագործում ես ներդրողներին Հայաստան հրավիրելու համար, անգամ նեղվում ես, թե ինչու ներդրումներ չեն հոսում դեպի Հայաստան, պետք է հասկանաս դրա պատճառները:
Դրանց մի մասը, իհարկե, օբյեկտիվ են՝ չավարտված պատերազմով, ռուսական ներկայությամբ, ինֆրաստրուկտուրաների անկատարությամբ՝ պետական ապարատի կոռուպցիայով ու բյուրոկրատացմամբ պայմանավորված: Բայց կան նաև սուբյեկտիվ՝ հեղափոխությունից հետո ծագած խնդիրներ, որոնք մեծապես վնասում են տնտեսական աճին և մեր երկրի բարի համբավին: Դա հիմնականում օտարերկրյա կապիտալով կամ միջազգային դոնորների մասնակցությամբ իրականացվող պրոյեկտների հետ է կապված: Ոչ մի նորմալ բիզնեսմեն և խոշոր ընկերություն չի գա մի երկիր, որտեղ կա «Լիդիան Արմենիա»-ի, «Սանիթեք»-ի, «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղու», «Թեղուտի» և շատ այլ ընկերությունների «պատմական փորձը»:
Ընկերություններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն «Նոր Հայաստանում», և այդ խնդիրները չեն լուծվում օրենքի և տրամաբանության շրջանակներում: Ընկերություններ, որոնք մեծ գումարներ են կորցրել այս ամիսներին, հայտնվել իրավապահների տեսադաշտում, սահմանափակումների ենթարկվել:
Ընկերություններ, որոնք չգիտեն՝ չեն կարողանում պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է պատկերացնում իրենց հետագա ճակատագիրը Հայաստանում, խաղի ինչ կանոններ է սահմանել, և կարողանալու են արդյոք իրենք շահույթ ապահովող գործունեություն ծավալել, թե մի օր վաճառելու կամ հանձնելու են իրենց ունեցվածքը և ձեռնունայն հեռանան մեր երկրից: ՀՀ կառավարության ներկայացուցիչները նրանց հոդաբաշխ պատասխաններ չեն տալիս, նրանց հետ չեն աշխատում, նրանց խնդիրների լուծմամբ չեն զբաղվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments