2022 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է միջազգային զբոսաշրջային ավելի քան 900 միլիոն ուղևորություն, ինչը կրկնակի ավելի է, քան 2021-ին. ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալն է: Միաժամանակ, դեռևս նախաքովիդյան 2019 թվականի մակարդակի համեմատ՝ համաշխարհային զբոսաշրջությունը վերականգնվել է ընդամենը 63 տոկոսով: Ըստ տարածաշրջանների` վերականգնումը տարբեր տեմպերով է ընթանում։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ 2019 թվականի մակարդակի համեմատ վերականգնումը կազմել է 83 տոկոս, ինչը պայմանավորված է Դուբայ EXPO-ի և Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ: Երկրորդ տեղում Եվրոպան է, որտեղ վերականգնումը հասել է գրեթե 80%-ի։ Աֆրիկայում և Ամերիկայում մոտ 65 տոկոս է: Իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ սահմանափակումներ են գործել նաև նախորդ տարի՝ 23 տոկոս է կազմել:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Կարծում եմ` հետքովիդյան շրջանում սա բնական էր: Այսինքն` աստիճանաբար տեսնում ենք, որ քիչ-քիչ սկսվում է վերականգնվել, կտրուկ անկումը 20 թվականից և 20 թվականի այդ կտրուկ անկումից հետո վերականգնումը, բնականաբար, այդպես միանգամից և այսպես ասած տարերային կերպով չէր լինելու, այլ աստիճանական, ինչը և նկատվում է:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ 2023 թվականին որոշ ուղղություններ լիովին կվերականգնվեն: Ըստ կառույցի՝ այստեղ մեծ դեր կունենա չինացի զբոսաշրջիկների ուղևորությունների վերսկսումը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Դեռևս այս տարի նոր Չինաստանը հայտարարել է իր բացվելու մասին, այսինքն` առ այս տարի նրանք, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ փակ էին, և արտագնա զբոսաշրջությունը, նաև ներգնա, այսինքն` միջազգային զբոսաշրջությունը դեռ փակ էր Չինաստանի համար: Ճապոնիան նույնպես բավականին զգուշավոր երկիր է, նրանք նույնպես: Սրանք շատ կարևոր երկրներ են, համաշխարհային զբոսաշրջության շուկայում շատ կարևոր դոնոր երկրներ են, հատկապես Չինաստանը ավելի քան 150 մլն արտագնա զբոսաշրջային այցելություններ էր ապահովում մինչև կորոնավիրուսը:
Շատ երկրներում զբոսաշրջիկների կատարած ծախսերի աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է ճանապարհորդության վրա միջին ծախսերի ավելացմամբ: Ինչ վերաբերում է մեր երկրին. Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը նախորդ տարի կազմել է 1 մլն 672 հազար, ինչը 2019-ի ցուցանիշի ավելի քան 88 տոկոսն է:
Կարեն Սարգսյան - Հայաստանը համաշխարհային միջին ցուցանիշից էականորեն բարձր է, և նույնիսկ բարձր է Մերձավոր Արևելքի տարածաշրջանից: Եթե հաշվի առնենք այն օբյեկտիվ պատճառները, որոնք ընկած են այս ամենի հիմքում, նաև այն լարված իրավիճակը սահմանամերձ շրջաններում, այս պատերազմական գործողությունը սեպտեմբերյան, միանշանակ կարող ենք ասել` եթե նման դեպքերը չլիներ, մենք միանշանակ գերազանցած կլինեինք այդ ցուցանիշը:
Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ միջազգային կառույցը այս տարվա աճի հնարավորությունը պայմանավորում է նաև դոլարի ուժեղացմամբ, սակայն Հայաստանում հակառակ գործընթացն է տեղի ունեցել:
Մեխակ Ապրեսյան - Մեզ մոտ դոլարը, եվրոն դրամի հետ համեմատած զգալիորեն արժեզրկվել են, հայկական դրամը զգալի արժևորվել է, ինչը կարծես թե գումարվում է մոտ 10 տոկոս էլ գնաճին, ստացվում է, որ դոլարով, եվրոյով մեզ մոտ առնվազն 30 տոկոսով զբոսաշրջային արդյունքը թանկացել է, և պարադոքսալ է` նաև այդ պայմաններում մենք կարծես թե շատ վատ ցուցանիշ չունենք քանակի առումով:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ որոշ ուղղություններում միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է մինչհամավարակային մակարդակը; Այդ երկրների շարքում են Թուրքիան, Ռումինիան, Մեքսիկան և Պորտուգալիան:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան
0Comments