Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են. ֆեյսբուքյան իր էջում կանխատեսել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Լինել իշխանություն, նշանակում է լինել հեգեմոն քաղաքական և սոցիալական պայքարում, իսկ հեգոմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետական հարթություններում) հարաբերություններ։ Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները»,– նշել է նա։
Դանիելյանի դիտարկմամբ՝ պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։
«Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելը ավելի բարդ գործ է։
Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռը իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում լինել հեգեմոն՝ առանց ուժ կիրառելու։
Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից»,- գրել է Ստեփան Դանիելյանը։
0Comments