Կառավարության նոր կառուցվածքը՝ աջաբսանդալ

Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը: Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ 12 նախարարներից:

Ինչպես եւ ենթադրվում էր, սպորտի եւ մշակույթի նախարարությունները միավորում են գիտության եւ կրթության նախարարության հետ, եւ նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Էապես ընդլայնվելու են տարածքային կառավարման նախարարության լիազորությունները եւ նրան է միավորվում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաեւ կապն ու տրանսպորտը, նաեւ ջրային պետական  կոմիտեն:

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մնում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, եւ այն այսուհետ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը:  Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն, ստեղծվում է վարչապետին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Մի խոսքով, ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել ու ավելացնել կառավարության գործունեության արդյունավետությունը, բայց այս դեպքում կարեւորը արդյունքը չէ, այլ պրոցեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում